«Խաղողը կյանք է»
Բարեգործական աճուրդ Հայաստանում. իրականություն դարձնենք փոքրիկների երազանքը
2013թ. դեկտեմբերի 6-ին «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Խաղողը կյանք է» խորագրով բացառիկ խմիչքների համտես և աճուրդ, որի ողջ հասույթը ուղղվեց հիվանդ երեխաների բուժմանը:
Աճուրդին ներկայացվեցին հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից. բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը հատուկ բերվել էին Հայաստան հենց այս բարեգործության նպատակով: Մասնավորապես՝ «Արարատ Նոյյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008 թ. 5 լիտր, Tignanello 2010 թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
Բարեգործական աճուրդից ստացված հասույթը կազմեց 30,573,000 ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից` կազմելով 61,146,000 ՀՀ դրամ: Ողջ գումարը փոխանցվեց քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող 17 երեխայի բուժմանը: Այս երեխաները գրանցված էին «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» հ/կ-ում:
«Ամերիա» ընկերությունների խումբը կոչ է անում համախմբվել ևս մեկ անգամ՝ միասին իրականություն դարձնելու փոքրիկների ապրելու երազանքը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:
|